Պետք է խուսափել ՌԴ-ում միգրացիոն քաղաքականության ավելորդ արմատականացումից. Մատվիենկո

Վերջին շրջանում Ռուսաստանում միգրանտների կողմից կատարված հանցագործությունների աճի ֆոնին ակտիվորեն քննարկվում է միգրացիոն քաղաքականության փոփոխության հարցը։ Դաշնային խորհրդի նախագահը կարծում է, որ խնդրին բացասական ֆոն է տալիս հենց ապօրինի միգրացիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում կշարունակեն միգրացիոն քաղաքականության ճշգրտման աշխատանքները, սակայն միգրացիան չի արգելվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Մենք կշարունակենք այդ աշխատանքը (միգրացիոն քաղաքականության ճշգրտման ուղղությամբ - խմբ.), որն արդեն ակտիվ գնում է՝ քննարկումների ընթացքում խուսափելով ավելորդ հուզականությունից, ավելորդ արմատականացումից, ինչը միայն վնաս է հասցնում։ Մենք չենք կարող գնալ միգրացիան արգելելու ճանապարհով»,-հայտարարել է Մատվիենկոն՝ 2024 թվականի գարնանային նստաշրջանի աշխատանքների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ օրենսդրության կատարելագործումը տեղի կունենա այն երկրների գործընկերների հետ փոխգործակցությամբ, որոնք հիմնականում միգրացիոն հոսքեր են ուղարկում ՌԴ:
«Անշուշտ, մենք լուրջ անելիքներ ունենք։ Պետք է կատարելագործենք միգրացիոն օրենսդրությունը, ունենանք, ինչպես արդեն ասել եմ, հստակ, հասկանալի պետական քաղաքականություն։ Միգրացիան պետք է կառավարելի լինի՝ բառի լավ իմաստով», - ասել է Մատվիենկոն։
ՌԴ միգրացիոն քաղաքականությանը փոփոխություններ են պետք. ՌԴ քննչական կոմիտեի նախագահ
Նա հավելել է, որ այս առումով աշխատանքի և էկոնոմիկայի նախարարությունները պետք է կայացնեն որոշումներ, որոնցում հաշվի կառնվեն ՌԴ երկարաժամկետ տնտեսական շահերը՝ քանի աշխատանքային ձեռք, ինչքան աշխատանքային ռեսուրս է անհրաժեշտ այս կամ այն ճյուղում, ապա պատրաստեն հայտեր, թե ինչ մասնագետներ են անհրաժեշտ տնտեսության առաջընթացի համար:
Մատվիենկոյի խոսքով՝ չի կարելի մարդկանց կենտրոնացնել միայն մեգապոլիսներում, աշխատանքային ձեռքերն ու աշխատանքային ռեսուրսները պետք է ուղղել այն շրջաններ ու այն ոլորտներ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա:
ԱՊՀ երկրներում, որտեղ աշխատուժի ավելցուկ կա, անհրաժեշտ է կազմակերպել դասընթացներ՝ ՌԴ-ում աշխատելու համար քաղաքացիներին պատրաստելու նպատակով։ Նրանք պետք է լավ իմանան ռուսաց լեզուն և Ռուսաստանի օրենսդրությունը, նշել է Դաշնության խորհրդի նախագահը։
Կառավարությունը հավանություն է տվել ՌԴ-ից արտաքսման միգրացիոն ռեժիմի սահմանմանը
Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանում չպետք է լինի անօրինական միգրացիա։ Թեմայի շուրջ ամբողջ բացասական ֆոնը ստեղծում է հենց ապօրինի միգրացիան, և Դաշնային խորհրդի նախագահը կոչ է արել այդ ոլորտում առկա կոռուպցիան հավասարեցնել «ծանրագույն հանցագործություններին»։