Մոսկվայում կալանավորվել է ռազմաշինարարական ընկերության մասնաճյուղի նախկին ղեկավարը

Մեկուսարան
Ընկերության աշխատանքը համակարգել է պաշտպանության նախկին փոխնախարար Թիմուր Իվանովը, որն այս պահին կալանավորված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Դատարանը խարդախության գործով կալանավորել է «Կենտրոնական զինվորական օկրուգի շինարարական վարչություն» ռազմաշինարարական ընկերության մասնաճյուղի նախկին ղեկավար Սերգեյ Սուխովին։ Տեղեկությունը հայտնում է РБК-ն։
Սուխովը, որի դեմ քրեական գործը հարուցվել է հուլիսի վերջին, մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով («խարդախություն»)։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նշված գործով որպես մեղադրյալ ներգրավված են նաև մասնավոր ընկերությունների մի քանի աշխատակիցներ, որոնք փոխկապակցված են եղել ռազմաշինարարական ընկերության հետ և նրա համար աշխատանքներ են կատարել պետական պատվերի շրջանակում: Նախնական տվյալով՝ նրանց հասցրած վնասը հասել է 200 մլն ռուբլու։
Ընկերությունը ներառված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաշինարարական համալիրի համակարգում և զբաղվում է զինծառայողների համար բազմահարկ տների և միկրոշրջանների կառուցմամբ, ինչպես նաև պատմական օբյեկտների վերակառուցմամբ։
Ընկերության աշխատանքը համակարգել է պաշտպանության նախկին փոխնախարար Թիմուր Իվանովը, որն այս պահին կալանավորված է։
Նախկինում հաղորդվել էր, որ Բրյանսկի մարզի Կլինցովի քաղաքային խորհրդի պատգամավոր Վլադիմիր Ռեուկը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի խարդախության կասկածանքով: