ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Սուդանի Ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի դեմ մահափորձ է կատարվել երկրի արևելքում գտնվող ռազմական օբյեկտ այցելելու ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Sudan Tribune» թերթը:
Պարբերականի տեղեկություններով՝ մահափորձը կատարվել է ԱԹՍ-ի կիրառմամբ՝ երկրի արևելքում տեղակայված ռազմակայաններից մեկում ռազմական ուսանողների ավարտական արարողության ժամանակ:
Անցյալ տարվա ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում արագ արձագանքման ուժերի (Մուհամմեդ Համդան Դագլոյի հրամանատարությամբ) և կանոնավոր բանակի միջև: Սուդանում հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են անում ռազմական գործողություններում հաջողությունների և օբյեկտների վերահսկողության վերաբերյալ՝ զանգվածային տեղեկատվական պատերազմ ծավալելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ ամիսներ շարունակ ընթացող ռազմական բախումները Սուդանում կարող են հանգեցնել համաճարակների բռնկումների և առողջապահական համակարգի անկման: ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Սուդանում ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 7 միլիոնը:
Հակամարտող կողմերն անցյալ տարվա մայիսին բանակցություններ անցկացրին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում և պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը վնաս չպատճառելու համար։