ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Սամվել Շիրինյանը մեղավոր է ճանաչվել Երևանում տեղադրված՝ շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ ծաղկեպսակների և ռուսական խորհրդանիշների պղծման գործով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Սամվել Շիրինյանը հունվարին անձամբ էր հրապարակել տեսանյութ, որում պատռում էր ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրանք և հուշակոթողին դրված ծաղկեպսակները տապալում։
Datalex դատական տեղեկատվական կայքում նշված է, որ դատարանը Շիրինյանին մեղավոր է ճանաչել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային հայտարարություններ հնչեցնելու մեջ: Նա դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, սակայն պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, և նրա նկատմամբ հսկողություն է կիրառվել 3 տարի ժամկետով: Նա մեկ ամիս ժամանակ ուներ դատարանի որոշումը բողոքարկելու համար, սակայն բողոքարկման փաստի մասին տեղեկություն չկա։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսաստանի դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հունվարի 26-ին ծաղկեպսակներ և ծաղիկներ էին դրել շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանին: Միջոցառումը նվիրված էր ֆաշիստական շրջափակումից քաղաքի լիակատար ազատագրման 80-ամյակին: Հունվարի 29-ին Սամվել Շիրինյանը հրապարակել էր վերոնշյալ տեսանյութը։
Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ դեպքից անմիջապես հետո Շիրինյանը փորձել է փախչել երկրից, սակայն նրան բռնել են հայ-վրացական սահմանի «Բագրատաշեն» անցակետում: