ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՌԴ Պետդուման օրինագիծ է ընդունել, որով Ռուսաստանի նոր քաղաքացիներին կզրկեն քաղաքացիությունից նախնական զինվորական հաշվառման կանգնելու պարտականությունը չկատարելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փոփոխություններ են կատարվում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում:
Օրինագիծը, որը մշակել են պատգամավորները՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, ուղղված է Ռուսաստանի նոր քաղաքացիների կողմից հայրենիքի պաշտպանության սահմանադրական պարտականության պարտադիր կատարմանը:
Այսպիսով` Ռուսաստանի քաղաքացիություն ստացած այն օտարերկրացիները, որոնք չեն կատարի նախնական զինվորական հաշվառման կանգնելու պարտավորությունը, կզրկվեն քաղաքացիությունից։
Օրենքի նախագծով առաջարկվում է նաև անձի զինվորական հաշվառման կանգնելու և ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացները միմյանց հետ համաժամանակ կատարել։ Փաստաթղթի համաձայն` այդ նպատակով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մարմինները պարտավոր կլինեն էլեկտրոնային եղանակով, օգտագործելով միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցության միասնական համակարգը, տեղեկություն տրամադրել արական սեռի այն անձանց մասին, որոնց վերաբերյալ Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու որոշում է կայացվել: