ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, քանի որ պատերազմով համակված տարածաշրջանում աճում է լարվածությունը։ Այս մասին գրում է ամերիկյան «Politico»–ն։
Պարբերականի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ Բելգիայի նախկին վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այս ամսվա ընթացքում Միացյալ Թագավորությունում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:
Միշելը նաև ուղերձներ է հղել երկու կողմերին՝ կոչ անելով նրանց վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը՝ առաջընթաց գրանցելով այնպիսի չլուծված հարցերի շուրջ, ինչպիսին է սահմանազատումը։
Հոդվածագիրը նշում է, որ Բրյուսելում աճում է հիասթափությունը բանակցությունների ձգձգման և դիվանագիտական փակուղու կապակցությամբ, որոնց պատճառով երկար սպասված պայմանագիրն այդպես էլ չի կնքվել։ Չնայած Միշելի հետ հանդիպումներին` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն կարողացել բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորություն գտնել, ընդ որում` երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում բանակցությունները փակուղի տանելու մեջ:
«Ի վերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը և գործարք կնքեն, քանի որ նախագահ Միշելն ամեն ինչ արել է խաղաղության համաձայնագրի հասնելու համար», – հայտարարել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:
Ամերիկյան պարբերականը նաև նշում է, որ Շառլ Միշելը Երևանին և Բաքվին է դիմել 9 ամիս անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղն իրեն ենթարկեցնելու նպատակով, ինչը 100 000 էթնիկ հայերի արտագաղթ առաջացրեց: Միաժամանակ հոդվածում շեշտվում է այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից բռնությունները տեղի են ունեցել Միշելի կազմակերպած բանակցություններից հետո:
«Politico»-ն նկատում է, որ Բաքվի և Երևանի միջև լարվածությունը շարունակում է աճել, անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրեց երկու երկրների ընդհանուր սահմանի երկայնքով սադրանքներ իրականացնելու մեջ և սպառնաց անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել ՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները ինքնապաշտպանության նպատակով: Ադրբեջանը նաև քննադատել է ԵՄ երկրների, օրինակ` Ֆրանսիայի կողմից Երևանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը՝ փորձելով ուժերի հավասարակշռություն ստեղծել երկու պատմական թշնամիների միջև։