ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին «խիստ պատիժ» է խոստացել ՀԱՄԱՍ կազմակերպության քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար:
«Այդ քայլով հանցավոր և ահաբեկչական սիոնիստական ռեժիմը խիստ պատժի առիթ է ստեղծել, և մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել նրա արյան համար, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում նահատակվածի համար»,-հայտարարել է Խամենեին:
Հանիային նա անվանել է խիզախ առաջնորդ և ցավակցություն է հայտնել իսլամական համայնքին, դիմադրության ճակատին, Պաղեստինի ժողովրդին և սպանվածի ընտանիքին:
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ Ինչպես գրում են արաբական ԶԼՄ-ները, հղում անելով սեփական աղբյուրներին, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում Հանիայի սպանության մասին հաղորդագրություններին: «Jerusalem Post»–ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին: