Հայաստանը դեռևս գրավում է ռելոկանտներին․ Forbes-ը վերլուծել է պատճառները

Հարկային նպաստավոր ռեժիմը, լեզվական խոչընդոտի բացակայությունը և դրական վերաբերմունքը պատճառների ոչ ամբողջական ցանկն են, թե ինչու են ռելոկանտները շարունակում մնալ Հայաստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Չնայած ռուս ռելոկանտների արտահոսքի ընդհանուր միտմանը, Հայաստանն այդ առումով հայտնվել է բավական շահավետ իրավիճակում։ Այս մասին գրում է Forbes-ը՝ փորձելով նաև ներկայացնել այն պատճառները, որոնց շնորհիվ Հայաստանը շարունակում է գրավիչ լինել նրանց համար։
Պարբերականը նշում է, որ Հայաստանի իշխանությունների գնահատմամբ՝ 2022-ին Հայաստանում 100 հազար ռելոկանտ է հաստատվել։ Անշուշտ, այժմ այդ թիվն ավելի քիչ է, սակայն ռելոկանտների մեծ մասը նախընտրել է մնալ հանրապետությունում՝ չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի երկիրը ծանր քաղաքական ճգնաժամ ապրեց՝ կապված Լեռնային Ղարաբաղի կորստի հետ։ Հատկանշական է նաև հայկական դրամի փոխարժեքը. 2022 թվականին «հզոր ամրապնդումից» հետո (դոլարի նկատմամբ մոտ 20% - ով) այն չի արժեզրկվել։ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալների թռիչքաձև ավելացումից հետո հիմա արդեն փոխանցումների ծավալը շատ ավելի դանդաղ է կրճատվում, քան Վրաստանում և Ղազախստանում։
ՀՀ ԿԲ-ն չի նվազեցրել բանկերի համար «անվտանգության բարձիկի» չափը. որտեղ են նկատելի ռիսկերը
Հոդվածագիրը համեմատում է իրավիճակը հարևան Վրաստանի հետ, որն ավելի հաճախ նախընտրում են կրեատիվ ոլորտների ներկայացուցիչները (նկարիչներ, դիզայներներ, լրագրողներ), իսկ ահա ծրագրավորողների ընտրությունն առավել հաճախ Հայաստանի վրա է կանգ առել: Բազմաթիվ ՏՏ ընկերություններ այստեղ գրասենյակներ են բացել։ Հայաստանը նախընտրելու պատճառներն են հարմար հարկային ռեժիմը, վճարումներ կատարելու լավ իրավիճակը (այդ թվում Ռուսաստանից)։ Հայաստանում նաև առավել կանխատեսելի մեխանիզմ կա ժամանակավոր կացության իրավունքի ստացման առումով։
Հայաստանում ստարտափների համար գործում է արտոնյալ հարկային ռեժիմ՝ զրոյական ԱԱՀ-ով և շահութահարկով, ինչպես նաև աշխատակիցների շահութաբաժինների և եկամտահարկի գծով արտոնյալ դրույքաչափերով: Ճիշտ է, այս ռեժիմը կիրառվում է միայն արտահանման համար աշխատող ընկերությունների նկատմամբ։
Տնտեսությունը խթանող արտաքին գործոնները թուլանում են. ո՞րն է առաջին ցուցիչն ըստ տնտեսագետի
Հայաստանի կարևոր առավելություններից է նաև օրինականացման դյուրինությունը։ Այսպես, 2023 թվականին ռուսները զանգվածաբար լքել են Թուրքիան՝ կացության մերժումների պատճառով։ Վրաստանում կարելի է ազատ լինել և ապրել առանց կացության իրավունքի թույլտվության, սակայն ՏՏ մասնագետները նախընտրում են ավելի հուսալի կարգավիճակ, իսկ այն ստանալու առումով Վրաստանում իրավիճակը Թուրքիայից լավ չէ։ Հայաստանում նման խնդիր չկա. միգրացիոն օրենսդրությունն ու իրական պրակտիկան ավելի քան մարդասիրական են։
Պարբերականը նշում է նաև երկրում ռուսների նկատմամբ դրական վերաբերմունքը, ինչպես նաև լեզվական խոչընդոտի գործնական բացակայությունը։