Երիտասարդ ամուսինների և 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած վարորդը հետախուզվում է

Դեպքի վայրում
Վթարված «BMW X3 3.01» ավտոմեքենայի ուղևորի հատվածում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող նյութ, որը, նախնական տվյալներով, պատկանել է դեպքի պահին ուղևոր հանդիսացող անձին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «BMW X3»-ի վարորդի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 26-ին` ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում` Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ա. Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Ն. Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ն. Մկրտչյանը, նրա կինը՝ 31-ամյա Ն. Շմոյանը, տեղում մահացել են, իսկ նրանց 7 տարեկան Դ. Մկրտչյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։
«BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Վարույթի շրջանակներում ձեռնարկված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ «BMW X3 3.01»-ի վարորդի ինքնությունը:
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ «BMW X3 3.01» մակնիշի վարորդը, նշված ճանապարհահատվածով վարելով ավտոմեքենան, տեխնիկական տեսանկյունից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում:
Չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, հոծ գծի առկայության պայմաններում, չի իրականացրել իր կողմից վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն և հատելով հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, ինչի հետևանքով բախվել է դիմացից եկող «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառ դառնալով երեք մարդու մահվան:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ «BMW X3 3.01»-ի վարորդը հատել է ՀՀ սահմանը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
«Որոշում է կայացվել` նրան ձերբակալելու վերաբերյալ։ Նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նաև «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքները:
Երևան-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժել է 7 մարդ. նրանց վիճակը ծանր է
Ոստիկանությունից նաև առանձին հաղորդում է ստացվել այն մասին, որ վթարված «BMW X3 3.01» ավտոմեքենայի ուղևորի հատվածում հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող նյութ, որը, նախնական տվյալներով, պատկանել է դեպքի պահին ուղևոր հանդիսացող անձին։ Այս փաստի առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ։ Հայտնաբերված նյութի բնույթը և քաշը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն։