ԱՄՆ–ն դադարեցնում է Վրաստանին տրամադրվող օգնությունը. Բլինկեն

Էնթոնի Բլինկեն
Վաշինգտոնում «կեղծ և հակաժողովրդավարական» են անվանել Վրաստանի իշխանությունների հայտարարությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի համար նախատեսված օգնության հատկացումը և այդ երկրի կառավարության գործողություններն անհամատեղելի է համարում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցության հետ: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից հետո ես հայտարարել եմ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին։ ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարության աջակցությանն ուղղված ավելի քան 95 մլն դոլարի օգնության տրամադրումը»,- ասել է Բլինկենը:
Նրա խոսքով՝ Թբիլիսիի «կեղծ և հակաժողովրդավարական հայտարարություններն» անհամատեղելի են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերի հետ:
Մինչ այդ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ վրաց-ամերիկյան հարաբերություններում բեկում կլինի, եթե Վաշինգտոնն ընդառաջի Թբիլիսիին: Նա նշել էր, որ Թբիլիսին պատրաստ է վերականգնել ամերիկացի գործընկերների հետ հարաբերությունները, որոնք փչացել են վերջին երեք-չորս տարվա ընթացքում։
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել էր Վրաստանը:
Այդ օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից:
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին և մեկ նպատակ ունի՝ բացահայտել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրները։
Ընդդիմադիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այդ օրենքը նույն հարթության մեջ է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է և խանգարում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։
Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միաժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը: