ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, 17 մարդ է տուժել, որոնցից 6-ը երեխաներ են։ Տեղեկությունը հայտնում են արաբական ԶԼՄ–ները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իսրայելական ուժերը հարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանին։ Իսրայելի պաշտպանության բանակը ստանձնել է հարվածի պատասխանատվությունը. թիրախը եղել է «Հզբոլլահի» հրամանատարներից մեկը, որը, ըստ Իսրայելի, պատասխանատու է Գոլանի բարձունքները հրթիռակոծելու համար։
Հարյուրավոր բնակիչներ հավաքվել են այն հատվածում, որտեղ աշխատում են հրշեջ հաշվարկները և շտապօգնության բրիգադները:
Զոհերի մասին պաշտոնական տեղեկություն այս պահին դեռ չկա։
RT–ի թղթակիցը Բեյրութից հայտնում է, որ Իսրայելի ՊՆ–ի հարվածի հետևանքով 2 մարդ է մահացել։
Հիշեցնենք` հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները հրթիռակոծվել են Լիբանանի կողմից։ Իսրայելական կողմը մեղադրեց լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը: Կազմակերպությունը, սակայն, հերքեց իր մասնակցությունը։
Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օրեն Մարմորշտեյնը հուլիսի 28-ին հայտարարեց, որ Լիբանանի հետ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժման ուժերի դուրսբերումն է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելը հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» մի շարք օբյեկտների։ «Հզբոլլահի» պատասխանը չուշացավը. շարժումը գրոհեց իսրայելական բանակի դիրքերը Մանարա և Շտուլա սահմանային բնակավայրերում: