ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ Հայկական ՏՏ ընկերությունների կառավարիչների հետ շփումը հիմք է տալիս ենթադրելու, որ ԱՄՆ–ում նրանց մատուցած ծառայությունների պահանջարկը ինչ–որ չափով նվազում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա հստակեցրեց, որ այս ոլորտում կենտրոնական բանկի համար դժվար է հիմնվել հաստատուն փաստերի վրա, և ենթադրությունները հիմնված են բացառապես բանավոր հաղորդագրությունների վրա: Իհարկե, կան ՏՏ ընկերություններ, որոնց պահանջարկն անընդհատ աճում է։ Դրան զուգահեռ, ըստ Գալստյանի, կան նաև ընկերություններ, որոնք ռիսկերի են բախվում։
Վերջին ամիսներին Հայաստանի ՏՏ ոլորտը փոքր–ինչ անկում է գրանցում. հունվար–մայիս ամիսներին ոլորտի շրջանառությունը 2023 թ. նույն ամիսների համեմատ կրճատվել է մոտ 10%–ով։
2022–23 թթ. ՏՏ ոլորտի աճը Հայաստանում արագացրել են ռուս ռելոկանտների ծրագրերը։ Այդ առումով, Գալստյանի խոսքով, ուշադրության է արժանի «German Economic Team»–ի հրապարակումը, որը վերաբերում է Հայաստանում ռուս ռելոկանտների շրջանում իրականացված հարցմանը։ Ավելի քան մեկ տարի առաջ 500 ռելոկանտների շրջանում անցկացված այս հարցման համաձայն` նրանց 45 %–ը հայտարարել է, որ կցանկանար մեկ տարուց ավել մնալ Հայաստանում, իսկ 27 %–ը նշել է, որ կցանկանար մնալ անժամկետ:
ԿԲ նախագահը հիշեցրեց, որ այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ ռելոկանտներին առաջին հերթին հետաքրքրում են երկարաժամկետ բնակության հարցերը (առողջապահական ծառայություններ, երեխաների համար կրթություն, տրանսպորտի մատչելիություն): Ի դեպ, հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումների հարցերը նրանց համար երկրորդական են։
Ինչպես պարզաբանեց Գալստյանը, ԿԲ–ն այս բոլոր հարցերով հետաքրքրված է այնքանով, որքանով երկրի տնտեսության մեջ ՏՏ ոլորտի երկարաժամկետ ներդրումների գնահատում է անում։