«Հզբոլլահը» պատասխանել է Բեյրութին հասցված հարվածին և ԱԹՍ–ներ արձակել Իսրայելի ուղղությամբ

Բեյրութը ավիահարվածից հետո
Իսրայելի հարվածի հետևանքով Բեյրութում շուրջ 2 տասնյակ մարդ է տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Հզբոլլահը», ի պատասխան Իսրայելի ավիահարվածի, կամիկաձե ԱԹՍ-ներ է արձակել Գալիլեայի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է «Sky News Arabia»–ն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իսրայելական ուժերը հարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանին։ Իսրայելի պաշտպանության բանակը ստանձնել է հարվածի պատասխանատվությունը. թիրախը եղել է «Հզբոլլահի» հրամանատարներից մեկը, որը, ըստ Իսրայելի, պատասխանատու է Գոլանի բարձունքները հրթիռակոծելու համար։
Իսրայելի հարվածի հետևանքով Բեյրութում 17 մարդ է տուժել, զոհերի մասին տվյալները ճշտվում են
Հիշեցնենք` հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները հրթիռակոծվել են Լիբանանի կողմից։ Իսրայելական կողմը մեղադրեց լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը: Կազմակերպությունը, սակայն, հերքեց իր մասնակցությունը։
Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օրեն Մարմորշտեյնը հուլիսի 28-ին հայտարարեց, որ Լիբանանի հետ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժման ուժերի դուրսբերումն է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելը հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» մի շարք օբյեկտների։ «Հզբոլլահի» պատասխանը չուշացավը. շարժումը գրոհեց իսրայելական բանակի դիրքերը Մանարա և Շտուլա սահմանային բնակավայրերում: