ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Իրան: Համապատասխան տեսանյութը Փաշինյանը հրապարակել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Նախ հանդիպում կունենամ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հաջորդիվ ներկա կգտնվեմ Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը»,–տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Բյուջետային կազմակերպության նախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրը:
Նշենք, որ երդմնակալության արարողությանը, որը կայանալու է Իրանի Միլի Մեջլիսի շենքում, մասնակցելու են տարբեր երկրների ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Միջոցառումից հետո Իրանի նորընտիր նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացնելու իր կաբինետի կազմը։
Հիշեցնենք` այն բանից հետո, երբ մայիսի 19-ին ավիավթարից մահացավ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին երկու փուլով։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է առողջապահության նախկին նախարար Փեզեշքիանը։ Նա առաջադրվել էր որպես ռեֆորմիստական թևի թեկնածու։ Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է, ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ):