ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել բժշկական կեղծ ախտորոշման հիմքով զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար»,– ասաց նա։
Բացի ՀՀ ԱՆ հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենից, նույն վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս երեք անձ, որոնց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նշենք, որ Սահակ Հակոբյանը ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն է նշանակվել 2024 թ. հունվարի 16–ին։