ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ղեկավարել է տեղատարափ անձրևներից տուժած և հեղեղման վտանգի տակ հայտնված շրջանների բնակիչների փրկության և տարհանման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ):
Նշվում է, որ Կիմ Չեն Ինն այցելել է Սինյչժու քաղաքի և Փհյոնան-Պուկտո գավառի Իչժու բնակավայրի` ջրհեղեղից տուժած շրջաններ։
ԿԿՀԳ-ի տվյալներով` հուլիսի 27-ին երկրի հյուսիսային շրջաններում հորդառատ անձրև է գրանցվել, ինչի հետևանքով Ամնոկ գետի ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր մակարդակը: Արդյունքում ավելի քան 5 հազար բնակիչ հայտնվել է մեկուսացման մեջ։
«Ընկեր Կիմ Չեն Ինն անձամբ է ղեկավարել տեղատարափ անձրևներից տուժած և տարերային աղետների վտանգի տակ հայտնված շրջանների բնակիչների փրկության և տարհանման աշխատանքները»,-ասված է ԿԿՀԳ-ի հաղորդագրության մեջ:
ԿԺԴՀ առաջնորդը հանձնարարել է դեպքի վայր ուղարկել կուսակցության, կառավարության և զինված ուժերի գերատեսչությունների ղեկավար կադրերին:
Փրկարարական գործողություններում ներգրավվել են Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) ռազմաօդային ուժերի ավելի քան 10 ուղղաթիռ, ռազմածովային ուժերի տարբեր փրկարարական նավեր և սահմանապահ պահակային զորքեր:
Կիմ Չեն Ինը ծանոթացել է փրկարարական աշխատանքների ընթացքին` հանձնարարելով բուժօգնություն ցուցաբերել փրկված բնակիչներին:
Հաղորդվում է, որ մի քանի ժամվա ընթացքում փրկվել է ավելի քան 4200 բնակիչ: