ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Իսրայելի հետ լարվածության աճի պատճառով Բեյրութի օդանավակայանում չվերթերը չեղարկվել կամ հետաձգվել են։ Տեղեկությունը հայտնում է «Al Jazeera»-ն։
Լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերությունը հայտարարել է, որ չվացուցակի փոփոխությունները պայմանավորված են ապահովագրական ռիսկերով։
«Lufthansa» ավիաընկերությունն էլ հայտարարել է, որ դադարեցրել է «Swiss International Air Lines», «Eurowings» և «Lufthansa» խմբի փոխադրողների կողմից Բեյրութ և հակառակ ուղղությամբ հինգ չվերթերի իրականացումը մինչև հուլիսի 30-ը ներառյալ՝ նախազգուշական նպատակներով:
Հիշեցնենք` հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները հրթիռակոծվել են Լիբանանի կողմից։ Իսրայելական կողմը մեղադրեց լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը: Կազմակերպությունը, սակայն, հերքեց իր մասնակցությունը։
Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օրեն Մարմորշտեյնը հուլիսի 28-ին հայտարարեց, որ Լիբանանի հետ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժման ուժերի դուրսբերումն է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելը հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» մի շարք օբյեկտների։ «Հզբոլլահի» պատասխանը չուշացավը. շարժումը գրոհեց իսրայելական բանակի դիրքերը Մանարա և Շտուլա սահմանային բնակավայրերում: