ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Արմեն Քոլոյանը։ Քիչ առաջ Հանրային հեռարձակողի խորհուրդը նիստի ժամանակ ձայների մեծամասնությամբ նման որոշում կայացրեց։ Քոլոյանը, որը «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից է, ստացել է խորհրդի 7 անդամներից (խորհրդի նախագահ և 6 անդամներ) 5-ի ձայները։
Նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի օգտին որևէ մեկը չի քվեարկել։
Նշենք, որ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 8 անձ` Գարեգին Խումարյանը, Բելա Հովհաննիսյանը, Մհեր Մարգարյանը, Միքայել Յալանուզյանը, Լուսինե Պետրոսյանը, Հակոբ Ռուբինյանը, Արմեն Քոլոյանը և Նազելի Օհանյանը։ Ավելի վաղ Խումարյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ կասկած հայտնելով, որ ընտրությունն արդեն կանխորոշված է` հուլիսի 29-ի նիստում ընտրվելու է Արմեն Քոլոյանը։
Այսօր արդեն Խումարյանը տեղեկացրել է, որ ընտրության արդյունքները վիճարկելու է դատարանում։
«Շատ կուզեի հաղթող մասնակցին բարի ընթացք մաղթել, բայց սա այդ դեպքը չէ։ Մրցույթի արդյունքը վարչաիրավական աճպարարության հետևանք է, որը տանում եմ դատարան։ Խնդիրը քննարկվել է ոլորտի մի շարք ամենահեղինակավոր մասնագետների հետ, և ընդհանուր պատկերացումն այն է, որ իրավիճակը պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա։ Սկսում ենք բողոքարկել մրցույթի արդյունքները, ամենայն հավանականությամբ, հենց այսօրվանից։ Ընթացքը կանխատեսելի էր, հայցերը՝ վաղօրոք նախապատրաստված»,- գրել է Խումարյանը։
Հիշեցնենք` հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։ Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չստացավ հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Մրցույթը համարվեց չկայացած։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել։
Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը, որի պայմանագրի ժամկետը լրացել է ապրիլի 8-ին, մարտին հայտարարել էր, որ մասնակցելու է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին։ Խումարյանը շեշտել էր, որ ընկերության աշխատակիցների հետ փակ գաղտնի քվեարկություն են արել «փրայմերիզի» ձևաչափով, ու ստացվել է այնպես, որ 99,3 տոկոսը կողմ է եղել տնօրենի պաշտոնում կրկին նշանակվելու իր մտադրությանը։
Հիշեցնենք նաև, որ հունվարի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին։ Արդեն երեկոյան ու հաջորդ օրը այդ հարցազրույցը բուռն քննարկման թեմա էր դարձել, և թիրախում էր հայտնվել հաղորդաշարի հեղինակ Բարեղամ Ղուկասյանը։ Գարեգին Խումարյանն իրավիճակը փոքր–ինչ հարթելու համար փետրվարի 5–ին հայտարարություն տարածեց ու հարցազրույցի մեղավորությունն իր վրա վերցրեց։