Տավուշի անառիկ բերդը․ վերականգնման նախագիծ կա, վերականգնող՝ ոչ

Նախորդ 3 տարիներին 2 փուլով պեղումներ են արվել՝ վերականգնման նախագիծը կազմելու համար։ Տավուշ բերդը միջնադարյան Հայաստանի ամենաչուսումնասիրված, հետաքրքիր հուշարձաններից է։
Sputnik
Բերդ քաղաքից ոչ հեռու բարձունքին թառած է Տավուշի բերդը։ Այն միջնադարյան Հայաստանի գրեթե չուսումնասիրված հուշարձաններից է։ Ըստ հայոց կաթողիկոս և պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու՝ այն կառուցել է Բագրատունյաց Սմբատ Առաջին արքան։ Գրավոր մի քանի աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբին՝ որպես Աշոտ Երկաթի նստավայր, այսինքն՝ արքայանիստ: Բերդը 10-11-րդ դարերում պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, 12-13-րդ դարերում` Զաքարյանների Վահրամյան ճյուղին:
Բերդն աստիճանաբար լքվել ու ավերվել է 14-րդ դարից։
Մուրացանն իր «Գևորգ Մարզպետունի» վեպում Տավուշի բերդը կապում է Ցլիկ Ամրամի հետ։ Դրա համար էլ տեղացիների շրջանում բերդն անվանում են Ցլիկ Ամրամի բերդ, մինչդեռ ըստ պատմական հիշատակումների՝ այն Ցլիկ Ամրամին չի էլ պատկանել։ Փոխարենն Աշոտ Երկաթ արքայի դեմ ապստամբության ժամանակ Ամրամը փորձել է գրավել այս բերդը։
Մի ավանդազրույց էլ կա․ ասում են՝ երբ արաբները գալիս են այս կողմեր, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է բերդում։ Թշնամին պաշարում է բերդը, սնունդն արդեն վերջանում էր, բայց հայերը չեն հանձնվում։ Մի պառավ կին գաղտնի դուրս է գալիս բերդից՝ պաշարվածների համար ուտելիք բերելու։ Արաբները բռնում են նրան, ստիպում ջրի ճանապարհն ասել և կտրում են ջուրը։ Աշոտ Երկաթն անձնատուր չի լինում, իր զորքով կարողանում է դուրս գալ բերդից և տեղափոխվել Սևանի կողմեր:
Այսօր մասնակի պահպանված են միջնաբերդի պատերը, ստորին բերդի պարսպի մնացորդներ, միանավ դահլիճի տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր: Ամրոցի ստորոտում 12-րդ դարում կառուցված եկեղեցու մնացորդներն են: Միջնաբերդն ունեցել է նաև գաղտնուղի։
1980-ականներին այստեղ որոշակի պեղումներ են իրականացվել, որոնք, սակայն, անավարտ են մնացել։
Крепость Тавуш-берд в Шамшадине
ԿԳՄՍՆ-ի ֆինանսավորմամբ տարածքում և շրջակայքում նախորդող 3 տարիներին 2 փուլով պեղումներ են արվել։ Կրկին նախարարության ֆինանսավորմամբ՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը նաև ամրոցի վերականգնման նախագիծ է կազմել։ Այս տարի արդեն 2 անգամ մրցույթ է հայտարարվել, որը մասնակից չլինելու պատճառով չի կայացել։ Հիմա երրորդն է հայտարարված, բացումն օգոստոսի կեսերին է։
Ինչպե՞ս և ովքե՞ր են վերականգնում պեղումների ժամանակ գտնված հազարամյա իրերը
«Երևի բարդ օբյեկտ է, վերականգնողները խուսափում են»,- նշում է կրթության, մշակույթի հարցերի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Հույս ունի՝ այս անգամ մասնակից կգտնվի։ Հաղթող լինելու դեպքում ամրոցի վերականգնման աշխատանքները նախատեսված է սկսել այս տարի։
1 / 5

Տավուշի բերդը

2 / 5

Տավուշի բերդը

3 / 5

Տավուշի բերդը

4 / 5

Տավուշի բերդը

5 / 5

Բերդ քաղաքի տեսքը Տավուշի բերդից