«Սխալ» սիգարետի վաճառքի քանի՞ դեպք է բացահայտվել Հայաստանում մեկուկես տարում

Ծխախոտի փակ ցուցափեղկեր երևանյան խանութներից մեկում
Թե՛ խանութներում, թե՛ հատկապես օնլայն հարթակներում բազմաթիվ են դեպքերը, երբ սիգարետը վաճառվում է այս կամ այն խախտմամբ։ ՊԵԿ–ից հայտնել են, թե ինչ ծխախոտային արտադրանք են փորձել ապօրինի ճանապարհով ներմուծել Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Մեկուկես տարում Հայաստանում արձանագրվել են ակցիզային դրոշմանիշներով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով 19 982 հատ ծխախոտային արտադրանքի վաճառքի դեպքեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչինչ չպետք է պատկերված լինի։ Իսկ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի համաձայն` ծխախոտը պետք է վաճառվի առողջության հետ կապված վատ նկարներով։ lԹեև օրենքն ուժի մեջ է մտել, սակայն թե՛ խանութներում, թե՛ հատկապես օնլայն հարթակներում բազմաթիվ են դեպքերը, երբ ծխախոտը վաճառվում է այս կամ այն խախտմամբ` կա՛մ միայն սպիտակ տուփով, կա՛մ հին փաթեթավորմամբ` ապրանքանիշին բնորոշ պատկերներով։
«2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը արձանագրվել են 28 220 հատ օտար և հայերեն լեզուներով մակնշված տուփերով, կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված 321 տուփ ծխախոտային արտադրանքի վաճառքի դեպքեր»,– հայտնում է ՊԵԿ–ը։
Նշենք, որ իշխանությունները նախկին փաթեթավորմամբ ծխախոտը ժամանակավորապես թույլատրել էին վաճառել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսվարողներից շատերը մինչ օրենքի ուժի մեջ մտնելն արդեն իսկ ներմուծել էին ծխախոտի որոշակի խմբաքանակ, որը պետք է հասցնեին իրացնել շուկայում։ Այս շղարշի ներքո բազմաթիվ են դեպքերը, երբ ամբողջ երկրի տարածքով գրեթե անարգել շարունակվում է ծխախոտի ապօրինի շրջանառությունը։
ՊԵԿ–ը տրամադրել է 2024 թ. հունվարի 1–ից մինչև հուլիսի 18–ն ընկած ժամանակահատվածում մաքսային կանոնների խախտման դեպքերն ըստ մաքսակետերի և ըստ ծխախոտային արտադրանքի տեսակների ու քանակի։
Ըստ այդմ` նշված ժամանակահատվածում չհայտարարագրված կամ մաքսային հսկողությունից թաքնված ծխախոտ ամենից շատ փորձ է արվել ներմուծել Իրանի հետ սահմանային «Ագարակ» անցակետով` արձանագրված 8 խախտումներից 6–ն այնտեղ է եղել։ Մյուս երկու խախտման դեպքերը գրանցվել են Վրաստանի հետ սահմանային «Բագրատաշենի» անցակետում։
Մաքսանենգ ճանապարհով փորձել են ներմուծել Zumerret slms (3 900 տուփ), WINSDOM (2 260) տուփ, MARLBORO (250 տուփ), Dunhil (390 տուփ), LEX CLASSIC (340 տուփ) մակնշմամբ ծխախոտ։ ՊԵԿ–ի ներկայացրած ցանկում առկա է ևս 2 010 տուփ ծխախոտ, որոնց անունները նշված չեն։
Կոմիտեն վստահեցնում է, որ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում սահմանված կարգով իրականացնում է ամենօրյա հսկողական աշխատանքներ' բացահայտելու և կանխարգելելու մաքսանենգ ճանապարհով ծխախոտի ներկրման և դրանց ապօրինի շրջանառության դեպքերը։
Հիշեցնենք, որ 2024 թ հունվարի 1-ից գործող հակածխախոտային կարգավորումը նախատեսված էր 2020 թ. փետրվարի 13–ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով։