«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատշգամբից քարաթափում է եղել

ՆԳՆ փրկարարները սահմանազատել են տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գյումրիում «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «վառեմ-մարեմ»-ի պատշգամբից քարաթափում է եղել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ ավելի վաղ սոցցանցային օգտատերերից մեկը գրել էր, որ այդ պատշգամբը փլուզվել է։
«Ըստ նախնական տվյալների՝ վնասվել է շենքի պատշգամբի 1 արգելապատնեշ և շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ»,–նշեց Սարգսյանը։
ՆԳՆ ՓԾ ծառայողները սահմանազատել են տարածքը։
ՆԳՆ փրկարարները սահմանազատել են տարածքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այդ փողոցում սալիկները հանում են, որ ասֆալտապատեն, որի արդյունքում վնասվում է շենքի հիմքը։ Sputnik Արմենիայի թղթակիցը նկարահանել էր շենքի անմիջապես հարևանությամբ աշխատող տեխնիկան։
Սակայն Sputnik Արմենիայի հետ զրույցում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը վստահեցրել էր, որ «վառեմ–մարեմի» պատշգամբով պատմական, հին շենքի փողոցում այս պահին ոչ թե մեծ, այլ սովորական, փոքրիկ տեխնիկա է աշխատում և շենքին վտանգ չի սպառնում։
Նշենք, որ նախկինում «վառեմ–մարեմի» շենքի դռնից հնարավոր էր մտնել ու բարձրանալ վերև (այնուամենայնիվ, միշտ էլ վտանգավոր է եղել. խմբ.), սակայն 2022 թ–ից այն փակվեց, քանի որ առավել վտանգավոր էր դարձել` քայքայված հատվածները մեծացել էին։ Այժմ արգելվում է բարձրանալ պատշգամբ ու լուսանկարվել` ամեն վայրկյան կարող է փլուզվել, քանի որ միայն ճակատային և դրսի մյուս պատերն են համեմատաբար պահպանված։ Երկհարկանի այս մեծ շենքի ներսն ամբողջությամբ ավերակների է վերածվել։
Հավելենք նաև, որ շենքի դռան վերևի հատվածում քարի վրա գրություն կա, որը փաստում է` շենքը կառուցվել է 1879 թվականին։