ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «BMW X3»-ի վարորդը փախել է Վրաստան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 26-ին` ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում` Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Նապոլեոն Մկրտչյանը, նրա կինը՝ 31-ամյա Նազենի Շմոյանը, տեղում մահացել են, իսկ նրանց 7 տարեկան որդին` Դավիթ Մկրտչյանը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է «BMW X3»-ի վարորդը, նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ, ապա բախվել «Honda Fit»-ին։ «BMW X3»-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Honda Fit»-ը շրջվել է։
shamhsyan.com-ը հայտնել էր, որ պարեկները փորձել են «BMW X3»-ի վարորդին ոստիկանության բաժին տեղափոխել, սակայն նա հայտնել է, որ իրեն վատ է զգում։ Պարեկները նրան ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենա՝ հիվանդանոց տեղափոխելու համար, սակայն նա ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի դուռը բացել և փախել է։
«BMW X3»-ի վարորդի հետ ևս մեկ հոգի է եղել, որը տեղում ձերբակալվել է թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով։ «BMW X3»-ում թմրամիջոց է հայտնաբերվել։