ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ «Fitch» միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկային վարկանիշը հաստատել է «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով:
Նշենք, որ «Fitch»-ի սանդղակում «BB-»–ը 24-ից 13-րդ տեղում է (որտեղ 24-րդը ամենավատն է): Առաջին տասնյակը նշանակում է բարձր ներդրումային որակի արժեթղթեր:
Գործակալությունը պահպանել է մեր երկրի վարկանիշը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն և պետական կառավարման արդյունավետության գնահատականները մնում են համադրելի երկրների մակարդակում։ Միաժամանակ վարկանիշի բարձրացմանը խանգարում են բյուջեի զգալի դեֆիցիտը, ֆինանսական հատվածի բարձր դոլարիզացիան, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերը։
Գործակալության գնահատմամբ՝ տնտեսական աճը նախկինի պես պահպանվում է Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, իսկ հետո նաև Լեռնային Ղարաբաղից ինտենսիվ ներքին միգրացիայի հաշվին: Ակնկալվում է, որ զբոսաշրջությունը և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը կդառնան տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժեր։ «Fitch»-ն անդրադարձել է նաև Ամուլսարի ոսկու հանքին։ Կանխատեսվում է, որ 2025 թվականից հանքի շահագործման դեպքում դրական ազդեցություն կլինի արտահանման և առհասարակ տնտեսական աճի վրա: