Կասպիյսկում երեք տեղացիներ են ձերբակալվել, որոնք կասկածվում են իրավապահ մարմինների և ուղղափառ եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։
«Ռուսաստանի ԱԴԾ-ն ներքին գործերի նախարարության հետ համատեղ կանխել է Դաղստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական ուղղվածության մի շարք հանցագործություններ։ Կասպիյսկ քաղաքում անցկացված միջոցառումների ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել են երեք տեղացիներ, որոնք արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության հետևորդներ են: Նրանք ծրագրել էին Կասպիյսկ քաղաքում իրականացնել դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ հանրապետական իրավապահ մարմինների և ուղղափառ եկեղեցու դեմ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձերբակալվածների բնակության հասցեներում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, զենքեր և քաղաքային ու անտառային պայմաններում մարտական գործողություններ վարելու հրահանգներ:
Ձերբակալվածներն ինքնախոստովանական ցուցմունք են տվել։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու, ահաբեկչական խմբավորում ձևավորելու և դրան մասնակցելու, ինչպես նաև պայթուցիկ նյութեր ապօրինի պատրաստելու հոդվածներով: