Վրաստանի տարածքում սելավի առաջացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով փակվել է Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը։
«Ժամը 17.20-ից արգելվում է բոլոր ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ գրանցվում է գետերի մակարդակի զգալի բարձրացում, իսկ ճանապարհի հատվածներից մեկում սելավ է առաջացել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ սահմանը փակ կլինի մինչև վաղն առավոտյան։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: