Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում մեկում երեխային ծեծի ենթարկելու տեսանյութն ուսումնասիրվում է ոստիկանությունում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Այսօր համացանցում մի տեսագրություն է տարածվում, որում երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ծեծում երեխաներից մեկին։
«Մինչ այս պահը դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չի ստացվել, սակայն տեսանյութն ուսումնասիրվում է»,– ասաց Սարգսյանը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` թե՛ մանկապարտեզի աշխատակցուհին, թե՛ տուժող կողմը հրավիրվել են ոստիկանություն, այս պահին այնտեղ են։ Դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդու «Զարթոնք» նախադպրոցական հաստատությունում։ Մեր տեղեկություններով` մանկապարտեզի աշխատակցուհին ազատվել է աշխատանքից։