ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանում մեկնարկել է «Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացում» ծրագիրը, ինչպես նաև Արցախից տեղահանվածներին իրավական և իրավաբանական օգնության հարթակը:
Ծրագիրը գործարկվել է փետրվարի 1-ից «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» (ԻՀԱ) կողմից: Այս ընթացքում ասոցիացիայի աշխատակիցներն անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել ավելի քան 150 քաղաքացու։
«113 արցախցու անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերվել տեղում՝ Հայաստանի 12 համայնք մեր այցելությունների ժամանակ, 10 քաղաքացի ինքնուրույն է դիմել մեր գրասենյակ, ևս 28-ը՝ հեռավար (հեռախոսով կամ առցանց)»,-ասաց «Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդում» ծրագրի իրավաբան Մարիաննա Ավագյանը:
Նրա խոսքով` արցախցիների հիմնական խնդիրները կապված են բնակարանային հարցերով աջակցության տրամադրման, փախստականների կարգավիճակի վկայականի, սեփականության փաստաթղթերի ստացման, սոցիալական օգնություն ստանալու և այլ հարցերի հետ:
«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Մադոյանը տեղեկացրեց, որ իրավական բաղադրիչի շեշտադրումը պատահական չէ. արցախցիները Հայաստանում բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնց մեծ մասը իրավական հարթությունում է:
Ասոցիացիայի ներկայացուցիչները փորձում են համակարգային և ինստիտուցիոնալ լուծումներ գտնել։ Այս հարցում կարևոր է նաև զուգահեռ գործարկված armrights.am առցանց հարթակը։
«Հայաստանի հեռավոր շրջաններում բնակվող և խնդիրներ ունեցող արցախցիները կարող են առցանց դիմել։ Դրա համար նրանք ստիպված չեն լինի, օրինակ, Մեղրիից Երևան հասնել։ Իսկ մեր աշխատակիցները կօգնեն լուծում գտնել», - ասաց նա։
«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչ Անահիտ Մարդոյանը պարզաբանեց, որ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում գտնվող բռնի տեղահանված քաղաքացիների ինտեգրմանը, իրավական բնույթի հարցերի լուծմանը, արցախցիների իրավական գրագիտության մակարդակի բարձրացմանը:
«Հարմոնիա» կանանց հասարակական միավորման գործադիր տնօրեն Ջուլիետա Առուստամյանը նշեց, որ արցախցիներին օգնելու համար 2024 թվականի մարտի 12-ին գործարկվել է Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը։
«Աշխատանքի հիմնական ուղղություններն են տեղահանված անձանց իրավական աջակցությունը, իրավիճակի մոնիտորինգն ու առանցքային խնդիրների բացահայտումը, դրանց լուծման համար պետական կառույցների հետ փոխգործակցությունը, այդ խնդիրների վրա հասարակության ուշադրությունը հրավիրելը»,-ասաց Առուստամյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված է Արցախից տեղահանված 101 848 անձ, որոնցից 30 հազարը երեխաներ են: Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մյուսները՝ Երևանում։