ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է

Այս պահի դրությամբ ԱՍՀ նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատված է 1797 հայտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանի սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա մեծ դիմելիության պատճառով ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիական հարցերի նախարարությունը։
«Այս պահի դրությամբ՝ նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատված է 1797 հայտ, որոնցից միայն 1517-ը՝ 2024 թվականին (նախատեսված էր 2024-ին՝ 560 շահառուի համար»,–նշված է հաղորդագրության մեջ ։
Նշվում է, որ ծրագրի շրջանակում գործընկեր բանկերում ընդունվել և ուսումնասիրման փուլում են ևս շուրջ 255 հայտեր։
Հավելենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է՝ 2000 հայտը բավարարելուց հետո ծրագրում կլինի դադար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել եղած պատկերը, վերլուծել նպատակայնությունը, խնդիրները, գնահատել արդյունքները։
Ըստ նախարարության` ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կկայացվի որոշում՝ լավարկումներով, փոփոխություններով կամ նույն պայմաններով ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ։