ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է Հայաստանի և Իրանի միջև 500 մլն դոլարի գաղտնի զենքի գործարքի մասին տեղեկությունը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել էր Իրանից սպառազինություն գնելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին հրապարակմանը և հերքել այդ լուրը։
Իրանական «Mehr» գործակալության հետ զրույցում Սոբհանին այդ հրապարակումներն անվանել է «տարածաշրջանի երկրների հետ Իրանի բարեկամական հարաբերությունները» վնասելու փորձ:
Նրա խոսքով՝ նման հաղորդագրություններ տարածում են անվստահելի լրատվամիջոցները, որոնք դարձել են Իրանի մասին կեղծ լուրերի և կանխակալ վերլուծությունների աղբյուր:
Սոբհանին նշել է նաև, որ Իրանն աջակցում է խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ «Iran International»-ը գրել էր, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինություն ձեռք բերելու պայմանագիր է ստորագրել։ Հրապարակման համաձայն՝ Հայաստանը նշված գումարով պետք է ստանա անօդաչու թռչող սարքերի և զենիթահրթիռային համակարգերի որոշ տեսակներ։