ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում են ընդգրկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 20-ից 30-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից նստաշրջանին մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը` որպես կոնվենցիայի համակարգող։
Տիրինկատար հնավայրը
© Sputnik / Aram Nersesyan
«Սա ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից գրանցված 5-րդ հայտն է: Առաջին 4-ը գրանցվել են 1995թ.: Դրանք են՝ Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները»,–ասված է հայտարարության մեջ։
Տիրինկատար հնավայրը
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը: