ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Շեբեկինո քաղաքում մեկ մարդ է մահացել, երկուսը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Աղետ է տեղի ունեցել․.. Մինչ շտապօգնության բրիգադի ժամանումը տղամարդը տեղում մահացել է․․․ Նախնական տեղեկություններով՝ տուժել է երկու խաղաղ բնակիչ։ Տարածքային ինքնապաշտպանության մարտիկները նրանց տեղափոխել են Շեբեկինոյի հոսպիտալ։ Հետազոտվելուց և բժշկական օգնություն ստանալուց հետո նրանք տուն են գնացել․ հետագա բուժումը կանցնի ամբուլատոր հիմունքներով», – գրել է մարզպետը Telegram-ում։
Գլադկովը հավելել է, որ գնդակոծության հետևանքով վնասվել է երկու բազմաբնակարան շենք, մեկի` ապակեպատ ու ճակատային մասերը, երկրորդի՝ տանիքը:
Վնասվել են արտադրական շինություններ արդյունաբերական ձեռնարկության տարածքում, ինչպես նաև կոմերցիոն մեկ օբյեկտի ճակատային մասը և մարդատար ավտոմեքենա։
Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները: