Ռուսական և չինական ռազմական ինքնաթիռները համատեղ պարեկություն են իրականացրել Ալյասկայի մոտ

Ռուսական և չինական ինքնաթիռների թռիչքը հինգ ժամ է տևել։
Sputnik
Ռուսական ռազմավարական հրթիռակիր օդանավերը և չինական ռմբակոծիչները համատեղ պարեկություն են իրականացրել Չուկոտկայի, Բերինգյան ծովի և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասի ջրային տարածքներում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Տու-95ՄՍ ռազմավարական հրթիռակիրների և Չինաստանի Ժողովրդական–ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի Հուն-6կ ռազմավարական ռմբակոծիչների ավիախումբն օդային պարեկություն է իրականացրել Չուկոտկայի, Բերինգյան ծովի և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասի ջրային տարածքներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Թռիչքի ընթացքում ռուսական և չինական անձնակազմերը համատեղ գործողությունների նոր շրջանում խաղարկել են օդային պարեկության բոլոր փուլերում փոխգործակցության խնդիրները: Կործանիչ ավիացիոն ծածկույթն իրականացվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-30ՍՄ և Սու-35Ս ինքնաթիռներով։
Ռուսական և չինական ինքնաթիռների համատեղ թռիչքի տևողությունը կազմել է ավելի քան հինգ ժամ:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերն արդիականացված МИГ-31БМ-ների նոր խմբաքանակ են ստացել