Մարզական արբիտրաժային դատարանը մերժել է գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի գործով բողոքը

Կամիլա Վալիևա
Բողոք են ներկայացրել նաև գեղասահորդներ Ալեքսանդր Գալյամովը, Անաստասիա Միշինան, Նիկիտա Կացալապովը, Վիկտորյա Սինիցինան, Մարկ Կոնդրատյուկը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի գործով ռուսական կողմի բողոքը: Տեղեկությունը հրապարակվել է դատարանի կայքում։
CAS-ը քննել է Չմշկորդների միջազգային միության (ISU) որոշման չորս բողոքարկում: Երեք բողոքարկում են ներկայացրել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան, ինչպես նաև ռուս գեղասահորդներ Կամիլա Վալիևան, Ալեքսանդր Գալյամովը, Անաստասիա Միշինան, Նիկիտա Կացալապովը, Վիկտորյա Սինիցինան, Մարկ Կոնդրատյուկը: Ռուսական կողմը պնդում էր, որ առաջին տեղը վերադարձնեն թիմին, իսկ մարզիկները հույս ունեին, որ 2022 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի ոսկե մեդալներ կստանան։
«2024 թվականի հունիսի 12-ին կայացած լսումներից հետո հանձնաժողովը եզրակացրեց, որ գեղասահքի օլիմպիական թիմային մրցումներում Վալիևայի արդյունքների չեղարկումը ճիշտ որոշում է եղել, և որ Ռուսաստանի գեղասահորդների թիմը չի կարող արժանանալ ոսկե մեդալի։ Բողոքարկումները մերժվել են», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Վալիևան Ռուսաստանի հավաքականի կազմում Պեկինի 2022թ.-ի օլիմպիադայի թիմային մրցաշարի հաղթող դարձավ։ Դրանից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին գեղասահորդուհու դոպինգ թեստը դրական է եղել։ CAS-ը Վալիևային 4 տարով որակազրկեց հակադոպինգային կանոնները խախտելու համար, ինչպես նաև չեղարկեց նրա արդյունքները:
«Դուք նրան ոչնչացրիք»․ ինչպես մարզաշխարհն արձագանքեց Կամիլա Վալիևայի տապալմանը