Մարտակերտի քաղաքապետն ազատվեց տնային կալանքից

Միշա Գյուրջյան
Միշա Գյուրջյանը ձերբակալվել էր մայիսին, կալանքը տնային կալանքով էր փոխարինվել հունիսի 27-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանն ազատվեց տնային կալանքից: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Հուսամ` քննչական կոմիտեն շուտով կհրաժարվի քրեական հետապնդումից»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք` Մարտակերտի քաղաքապետը ձերբակալվել էր մայիսին։ Նա մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ ՔԿ–ի` նա խմբի հետ փաստաթուղթ է կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն` 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։
Գյուրջյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։
Նրա կալանքը տնային կալանքով փոխարինվեց հունիսի 27-ին։