Ինչ անել, որ անձրևից Երևանը չդառնա Վենետիկ. Արեյանն ասել է` ինչպես են ուզում լուծել խնդիրը

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը բացատրել է թե ինչո՞ւ է ամեն անգամ հորդառատ անձրևից հետո Երևան քաղաքը վերածվում Վենետիկի։ Ո՞վ է մեղավոր, ո՞վ պետք է մաքրի հեղեղատարերը, և ինչո՞ւ այդ աշխատանքը պատշաճ չի կատարվում։
Sputnik
«Վեոլիա ջուր» ընկերությունն աշխատում է, բայց ասել, որ աշխատանքն անթերի է, կամ քաղաքապետարանը դրանից գոհ է, սխալ կլինի։ Այս մասին Sputnik Արմենիայի և Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը` խոսելով հորդառատ անձրևներից հետո մայրաքաղաքում առաջացող հեղեղումների մասին։
«Իհարկե նման եղանակային պայմաններում «Վեոլիա ջուրը» պետք է ավելացնի հեղեղատարերի մաքրման հաճախականությունը։ Ամեն անձրևից հետո հարկ է, որ մաքրվեն, սա է մեր պահանջը»,– ասաց նա։
Հեղեղատարերի հարցում քաղաքապետարանն ընկերության հետ ևս մեկ խնդիր ունի։ Վերջին տարիներին կառուցված նոր համակարգերն իրավաբանորեն «Վեոլիա ջրին» հանձնված չեն։ Սա թույլ է տալիս ընկերությանը աշխատել երբ ուզի ու ոնց ուզի։
«Սկզբունքորեն նրանք սպասարկում են, բայց իրավաբանորեն հարցը լուծված չէ և դրա համար, երբ խնդիր է առաջանում, ընկերությունն ասում է` ինձ հանձնված չէ ու կիսատ պռատ է սպասարկում իրականացնում։ Հիմա ուզում ենք այդ փաստաթղթային հարցը լուծել»,–հավելեց քաղաքապետի խորհրդականը։
Կամո Արեյանը սակայն նշեց է` հանուն արդարության պետք է ասել, որ միայն սպասարկման մեջ չէ խնդիրը. խնդիրներն ավելի խորքային են։ Նախ` տեղումներն էին աննախադեպ շատ և հետո` Երևան քաղաքի հեղեղատար համակարգը թերի է, որոշ հասցեներում այն առհասարակ բացակայում է։

«Բակային տարածքներում հեղեղատարերը 60-70 տոկոսով չեն գործում, որովհետև տարիների ընթացքում դրանք ենթարկվել են տարբեր միջամտությունների` կառուցապատողների, մասնավոր անձանց կողմից»,– ասաց նա։
Նորը կառուցելու պարտավորություն «Վեոլիա ջուրը» չունի, պայմանագրով ընկերությունը միայն եղած հեղեղատարերը պետք է սպասարկի։ Նորերը կառուցել չի կարող նաև քաղաքապետարանը։ Հիմնախնդիրները լուծելու համար պետք են լուրջ ծրագրային ներդրումներ։
Այս բոլոր հարցերին Երևանի քաղաքապետարանը որոշել է լուծում տալ կառավարության միջոցով։ 6 կետից բաղկացած առաջարկների փաթեթ են ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։ Սպասում են նաև «Վեոլիա ջրի» առաջարկներին։
Քաղաքապետարանը մասնավորապես առաջարկել է լուծել չկոյուղացված թաղամասերի խնդրը, արդիականացնել գործող հեղեղատար ու կոյուղատար համակարգերը (ֆիզիկապես քայքայված, մաշված համակարգ է, 70 կմ կոյուղատար ցանցը պետք է անհապաղ թարմացվի), այնպես անել, որ ամբողջ համակարգը իրավաբանորեն սպասարկի «Վեոլիա ջուր» ընկերությունը և վերանայել «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը` դրա միջից հանելով այն կետը, ըստ որի ընկերությունը նոր հեղեղատարեր կառուցելու պարտավորություն չունի։ Փաստաթղթի մեջ ներառվել է նաև ջրամատակարարման խնդիրը։
Ըստ Կամո Արեյանի` անթույլատրելի է, որ Երևան քաղաքում 65 տոկոս ջրի կորուստ է արձանագրվում։
Առհասարակ վերոնշյալ բոլոր խնդիրները, քաղաքապետի խորհրդականի կարծիքով, պետք է համակարգային լուծում ստանան, այլապես դրանք անվերջ կրկնվելու են։
Անձրևից հետո Երևանի փողոցները գետերի են վերածվել