ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի-Sputnik. Հայաստանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Յուրի Քիմը Քարնեգի հիմնադրամում ելույթի ժամանակ, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։
Քիմը նշել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում իր հարևանների համար, և վերջիններս պետք է բաց աչքերով քնեն: Հայաստանն էլ այլընտրանք է փնտրում, բայց դա չի նշանակում, որ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանում են։
«Մենք շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին ՝ ուղղված իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, տնտեսական բարգավաճմանը և հակառակորդի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,-ասել է Քիմը։
Դիվանագետը ընդգծել Է, որ Վաշինգտոնը փորձում է կապեր հաստատել Երևանի և Բաքվի միջև, որպեսզի օգնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Բացի այդ, ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանին աջակցության այլ տարրեր, այդ թվում ՝ USAID-ի գծով։
«Ընթացիկ ֆինանսական տարում դա մոտ 77 մլն դոլար է, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան երկու տարի առաջ»,-ասել է նա:
Այդ միջոցները կուղղվեն Հայաստանի կայունության ամրապնդմանը կլիմայի և պարենային անվտանգության հարցերում, ինչպես նաև երկիրը մեկուսացումից դուրս բերելուն։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Երևանի փոխգործակցությունը, հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են ամրապնդվել Հարավային Կովկասում ՝ ի վնաս տարածաշրջանի ավանդական գործընկերների, և դա, նրա կարծիքով, հատկապես նկատելի է Հայաստանի օրինակով: