Գյումրու բնակչուհու սպանության համար կալանավորվել է նրա զուգընկերը. ՔԿ

Տուն Գյումրիում, որտեղ մեկ տարի առաջ սպանություն էր տեղի ունեցել
49-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել կնոջ գլխին՝ բարկանալով իր երեխաների մասին նրա արած արտահայտություններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Գյումրի քաղաքի բնակչուհու՝ ավելի քան մեկ տարվա վաղեմության սպանության համար կալանավորվել է նրա զուգընկերը։ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել սպանության հանգամանքների, նաև շարժառիթի վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 21-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ երկար ժամանակ քրոջից՝ Գյումրի քաղաքի Ջափարիձե փողոցի տներից մեկում ապրող Վարդուհի Հակոբյանից տեղեկություն չունենալով` վերադարձել է, տան դուռը կոտրելով ներս մտել և տանը հայտնաբերել քրոջ դին։
2024թ․ հուլիսի 22-ին սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Գյումրի քաղաքում հաշվառված, սակայն Կոտայքի մարզում բնակվող 49-ամյա մի տղամարդ։ Նա մի քանի ամիս տուժողի հետ բնակվել էր վերջինիս՝ Գյումրի քաղաքում գտնվող տանը։
ՔԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, քննությամբ դեռևս չպարզված օրը, տան հյուրասենյակում իր երեխաների մասին կնոջ արած արտահայտությունների պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել բազմոցին նստած կնոջ գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Այնուհետև կնոջ դին փորձել է տեղավորել ճամպրուկի մեջ՝ տեղափոխելու համար, սակայն մարմինը կիսով չափ է տեղավորվել՝ գլխից մինչև գոտկատեղը։ Այդկերպ չկարողանալով տեղափոխել՝ դին ծածկել է վերմակով, վերցրել կնոջ բջջային հեռախոսը, տան բանալիները, փակել տան դուռը, կողպել դարպասները և հեռացել։
Դրանից հետո ինչպես կնոջ, նաև այլ հեռախոսահամարներով 49–ամյա տղամարդը «sms» հաղորդագրություններ է գրել վերջինիս քրոջը, որպեսզի չկասկածեն, որ կինը մահացել է։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 49–ամյա տղամարդը հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։ Որոշում է կայացվել Գյումրի համայնքի խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովի նախագահին նրա օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին։
49–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը՝ կատարված մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։
Գյումրիում գտնված դիակը 6 ամսվա է, բայց կնոջ հեռախոսից սմս–ներ եկել են մինչև 2024թ հունիսը