ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը մերժել է
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սոսե Չանդոյանը։
Նշենք, որ հատուկ վերանայման բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել ամբողջությամբ:
«Փաստացի դատավոր Հարությունյանի այս որոշումն ապացույցն է այն բանի, որ միջին ծանրության արարքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ անգամ հիմնավոր կասկածի բացակայության պարագայում նրան անազատության մեջ պահելը ողջամիտ է, ավելին` կարելի է անգամ խափանման միջոցը չփոխել՝ անտեսելով բողոքում ներկայացված ծանրակշիռ և հիմնավոր բոլոր հակափաստարկները»,– գրել է նա։
Հուլիսի 23-ին տեղի էր ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը։ Այն հետաձգվել էր մինչև օգոստոսի 6-ը, քանի որ պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին հետաձգել դատավարությունը, որպեսզի կարողանա ծանոթանալ գործի մանրամասներին։
Հավելենք, որ իշխանական կայքերում տարածվել էր մի ձայնագրություն, որում իբրև թե Գերասիմ Վարդանյանը հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքին մասնակցելու համար գումարները, ում և ինչքան կաշառք տալ։
Հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է 2 ամսով։
Ավելի վաղ ՀՅԴ կուսակցության գրասենյակներում խուզարկություններ էիր իրականացվել։ Վարդանյանը ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։