ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ավտոմոբիլային և դեղագործական արտադրանքի շուկաներ մուտք գործելու հարցեր է քննարկել Վիետնամի հետ։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Քննարկումներն անցկացվել են հուլիսի 23-25-ին Հանոյում՝ շուկաներ մուտք գործելու հարցերով Եվրասիական տնտեսական միություն-Վիետնամ կանոնավոր երկխոսության առաջին նիստի շրջանակում:
«Կանոնավոր երկխոսությունը հարթակ է, որտեղ ԵԱՏՄ–ի և Վիետնամի փորձագետները կարող են արդիական հարցերի քննարկել բարեկամական մթնոլորտում և լուծումներ գտնել»,-ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության առևտրային կարգավորման հատուկ հարցերի բաժնի պետի տեղակալ Նատալյա Տարասկինան։
Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության, Վիետնամում Բելառուսի դեսպանության, ինչպես նաև այդ երկրում ՌԴ առևտրային ներկայացուցչության աշխատակիցները:
Հաղորդվում է, որ նիստի ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ երկրների արտադրողների մտահոգությունները` կապված վիետնամական շուկա մուտք գործելու հետ։
«Հետագա համագործակցության ուղղությունները որոշելու ճիշտ ուղին միմյանց կարգավորման համակարգերի լավագույնս ընկալումն է»,-հայտարարել Է Վիետնամի տրանսպորտի նախարարությանը կից լիազոր սերտիֆիկացման մարմնի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆամ Մին Թհանը:
Ինչպես հայտնում են կազմակերպությունից, նիստի արդյունքում հաջողվել է էապես բարձրացնել Վիետնամի կարգավորման համակարգերի ընկալումը կոնկրետ հարցերի շուրջ և որոշել վիետնամական շուկա ԵԱՏՄ արտադրանքի հասանելիության պայմանների բարելավման հնարավոր հետագա գործողությունները: