Թուրքիայի Բոդրում քաղաքում ձերբակալվել է Մոսկվայի հյուսիսում ավտոմեքենան պայթեցնելու մեջ մեղադրվող տղամարդը։ Տեղեկությունը սոցցանցում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
«Այսօր` ժամը 10.30-ին, Ինտերպոլի ռուսական բաժանմունքից տեղեկություն է ստացվել Եվգենի Սերեբրյակով անունով ռուսաստանցու հետախուզման մասին՝ կապված Մոսկվայում ռումբի օգտագործմամբ ահաբեկչության հետ, և որ նա մեկնել է Մոսկվա-Բոդրում չվերթով․․․ այսօր Բոդրումում ոստիկանները ձերբակալել են նրան»,-հայտնել է նախարարը։
Հրապարակվել է նաև տղամարդու ձերբակալության տեսանյութը։ Տեսագրության մեջ երևում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները սպիտակ ավտոմեքենայից դուրս են բերում տղամարդուն, այնուհետև ձեռնաշղթաներ անցկացնում։
Թուրքիայի ՆԳՆ-ից աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվայում ավտոմեքենայի պայթեցման մեջ կասկածվող Եվգենի Սերեբրյակովը Թուրքիա է մտել որպես զբոսաշրջիկ, մուտքի պահին նա հետախուզվողների ցուցակում չի եղել:
Այսօր առավոտյան երկու մարդ է տուժել Մոսկվայի հյուսիսում գտնվող Սինյավինսկայա փողոցի տան բակում մեքենայի պայթյունի հետևանքով:
ՆԳՆ-ի տվյալներով՝ տեղի է ունեցել չպարզված առարկայի պայթեցում, որը տեղադրված է եղել ավտոմեքենայում։
Գործը փոխանցվել է քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի հետաքննության բաժին։