ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Կրեմլը չի միջամտում կորպորատիվ և ընտանեկան գործերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Wildberries և Russ ընկերությունների միաձուլման շուրջ առաջացած աղմուկը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք կարող միջամտել ընտանեկան կամ բիզնես հարաբերություններին։ Դա մեր իրավասությունից դուրս է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը հավանություն է տվել միավորմանը, և արդյոք Կադիրովի հայտարարությունը կազդի այդ ծրագրի վրա։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար ՌամզանԿադիրովը հանդիպել էր Վլադիսլավ Բակալչուկի հետ և Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին հանձնարարել էր ուսումնասիրել Wildberries-ի և Russ խմբի միավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Բակալչուկը հայտարարել է, որ իր կնոջը՝ օնլայն առևտրի հարթակի հիմնադիր Տատյանա Բակալչուկին, ռեյդերները չեն թողնում շփվել ընտանիքի հետ։ Վերջինս, սակայն, հերքել է ընկերության զավթման մասին տեղեկությունը՝ միաժամանակ հայտնելով ամուսնալուծության գործընթաց սկսելու մասին և ընդգծելով, որ իր ամուսինը չի մասնակցում բիզնեսի կառավարմանը, թեև ունի 1 % բաժնեմաս:
Հուլիսի սկզբին Wildberries-ը և Russ-ը հիմնադրել են նոր համատեղ ընկերություն՝ «РВБ» ՍՊԸ-ն, որի կանոնադրական կապիտալը կազմում է 20 միլիոն ռուբլի։ Ընկերության 65%-ը պատկանումէ Wildberries-ին, իսկ 35%ը՝ «Стинн» ընկերությանը, որը պատկանում է Russ Outdoor-ին։ Գլխավոր տնօրենը Ռոբերտ Միրզոյաննէ, ով նաև հանդես է գալիս որպես Russ ընկերությունների գործադիր տնօրեն:
Readovka տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Russ Outdoor-ը գրանցված է Բրիտանական Վիրգինյան կղզիներում, բայց ներկայում անցել է ռուսական իրավազորության ներքո: Լրատվականը նշումէ, որ տվյալ ընկերությունն ու Wildberries-ը հիմնել են «РВБ» համատեղ ձեռնարկությունը, որտեղ իսկապես հոսում են օնլայն առևտրի հարթակի ակտիվները։ Նոր ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 20 մլն ռուբլի․ արդեն իսկ նրա կառավարման ոլորտ են անցել Wildberries-ի մի շարք ֆիրմաներ։
Հիշեցնենք, որ Wildberries-ը հունիսի 18-ին հայտարարել է Russ արտաքին գովազդի օպերատորի հետ միավորվելու մասին։ Այն ժամանակ Բակալչուկը հայտնել էր, որ կգլխավորի միավորված ընկերությունը, իսկ գործարքի մանրամասների մասին խոստացել էր պատմել Դաշնային հակամենաշնորհային ծառայության հետ համաձայնեցումից հետո: Նա ավելացրել էր, որ միավորումը չի ազդի Wildberries-ի աշխատանքի վրա:
Միրզոյան եղբայրները՝ Ռոբերտը և Լևանը, գովազդի ռուսական շուկայում գործում են արդեն շատ երկար ժամանակ։ Ավագ եղբայրը՝ Ռոբերտը, ծնվել է Թբիլիսիում, 2002 թվականից աշխատում է ռուսական գովազդային շուկայում. այդ ժամանակ նա ստեղծել է «Վերա-Օլիմպ» ընկերությունը։ Հենց նա է ղեկավարում Russ Outdoor-ը 2019 թվականից։