Մախսուդյան եղբայրներն ազատ են արձակվել. իրավապահներն անօրինական զենք չեն գտել

Պահեստազորի գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանը. Արխիվային լուսանկար
Միհրան Մախսուդյանը ձերբակալված մնացել է 6 ժամ, եղբայրը` 24 ժամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Պահեստազորի գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանն ու եղբայրը՝ Եղիշե Մախսուդյանն ազատ են արձակվել։ Sputnik Արմենիային այդ մասին ասաց Միհրան Մախսուդյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները խուզարկել են պահեստազորի գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանի եղբոր՝ Եղիշե Մախսուդյանի` Ոսկեպարում գտնվող տունը։ Միհրան Մախսուդյանն ու եղբայրը ձերբակալվել են։
Մախսուդյանը նշեց, որ իրավապահներն իրեն և եղբորը ձերբակալել են ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով, սակայն տանը հայտնաբերել են եղբոր` որսորդական օրինական զենքը։
Արդյունքում Միհրան Մախսուդյանը ձերբակալված մնացել է 6 ժամ, եղբայրը` 24 ժամ:
«Գործողության պահին ես այնտեղ էի, զայրույթից զենքը վերցրել, դեն եմ նետել, ինձ էլ են ձերբակալել` իբրև թե խոչընդոտել եմ իրավապահների աշխատանքը»,– պատմեց Միհրան Մախսուդյանը։
Հիշեցնենք, որ այս տարի ապրիլին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ բերման էին ենթարկել Միհրան Մախսուդյանին և շարժման մի շարք անդամների։
Ոստիկանները նրանց բերման էին ենթարկել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու համար։ Բերման ենթարկվելու ժամանակ ՄԱխսուդյանի նկատմամբ կիրառվել է առանձնակի բիրտ ուժ, որի հետևանքով նա տեղափոխվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Հավելենք, որ ապրիլի վերջին Միհրան Մախսուդյանի որդին` Վահագն Մախսուդյանը, որը մասնակցում էր Տավուշում բողոքի ցույցերին, 2 ամսով կալանավորել էր: Վահագն Մախսուդյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։