ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայ-ամերիկյան համատեղ «EaglePartner 2024» զորավարժություններին ԱՄՆ-ն հայ զինվորականներին զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու մեթոդներ է սովորեցնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը։
Հուլիսի 15-24-ը Հայաստանում «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացվեցին, որոնց մասնակցում էին Հայաստանի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները։
«Հիմա զորավարժություններ են անցկացվում ԱՄՆ-ի և Հայաստանի խաղաղապահ ուժերի մասնակցությամբ։ Ի՞նչ են նրանք սովորեցնում խաղաղապահներին: Հիմքեր կան ենթադրելու, որ խաղարկվել են բողոքի զանգվածային ցույցերը ճնշելու գործողություններ։ Ցույց տվեք ինձ, թե ուրիշ որտեղ են խաղաղապահները նման առաքելություն իրականացնում։ Օրինակ՝ Սուդանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում կամ այլուր տեղակայված խաղաղապահները ցույցի ցրմամբ զբաղվո՞ւմ են։ Իհարկե, ոչ», - ընդգծեց փորձագետը։
Նրա կարծիքով` եթե մի օր Հայաստանի գործող իշխանությունների դեմ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեն, ապա այդ ուժերը կօգտագործվեն ժողովրդին ճնշելու համար: Դրա համար էլ ԱՄՆ-ն պատրաստում է հայ զինվորականներին։ Պետրոսյանը նույն տրամաբանությունն է տեսնում նաև Արևմուտքի ներկայացուցիչների` Հայաստանում պարեկային ծառայության և ոստիկանության ուժեղացմանն աջակցելու պատրաստակամության մասին հայտարարություններում։
Մինչդեռ Հայաստանը, Պետրոսյանի խոսքով, բոլորովին այլ՝ երկրի սահմանների անվտանգության ապահովման հարցում օգնության կարիք ունի։
«ԵՄ-ի կողմից Հայաստանին արված ոչ մի առաջարկ կամ օգնություն ուղղված չէ պաշտպանունակության ամրապնդմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Դա նման է այն խոստումներին ու իրավիճակներին, որոնք եղել են 1878թ. Բեռլինի կոնգրեսում, կամ երբ 1920թ. ավելի քան 100 հազար կիլիկիացի հայեր օգնության համար դիմել են Եվրոպային, մասնավորապես՝ Ֆրանսիային, սակայն եվրոպացիները հայ ժողովրդին միայն շահարկման առարկա և իրենց հաղթաթուղթն են դարձրել Թուրքիայի հետ քաղաքական առևտրում», - նշեց վերլուծաբանը:
Նրա դիտարկմամբ՝ Եվրամիությունն ու Եվրախորհուրդն ապակայունացնում են տարածաշրջանը, ավելի մեծ օգնություն են տրամադրում Բաքվին, քանի որ ունեն ադրբեջանական նավթի ու գազի կարիքը։ Իսկ Հայաստանին օգնություն է հասնում վրանների տեսքով։
«Բոլորը, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս արտգործնախարարը, խոսում են պատերազմի սպառնալիքի մասին։ Մեր սահմանները վտանգված են, և դա շատ լավ հասկանում է ԱՄՆ-ն, որն ունի աշխարհի թիվ մեկ հետախուզությունը։ Բայց մեզ օգնություն տրամադրելու փոխարեն, որպեսզի կարողանանք պաշտպանվել, վրաններ են տալիս։ Պատերազմի դեպքում դրանք իսկապես կարող են օգտակար լինել, բայց դա բավարար չէ։ Դրանք անհրաժեշտ են, բայց պարտադիր չեն: Դա նույնն է, որ սովյալ ժողովրդին ոչ թե հաց տան, այլ անձրևանոցներ և այլ հագուստ՝ անձրևից պաշտպանվելու համար», - ասաց նա։
Փորձագետը նշեց, որ Արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին կարելի էր խոսել, եթե ԵՄ-ն Հայաստանին տրամադրեր անօդաչու թռչող սարքերի հավաքման համար միկրոսխեմաներ, ինչը, նրա գնահատմամբ, 10 միլիոնանոց վրաններից էժան կլիներ, կամ եթե Արևմուտքը Հայաստանին ԱԹՍ-ների շարժիչների արտադրության տեխնոլոգիա փոխանցեր:
Ինչ վերաբերում է վրաններին, ապա Պետրոսյանը վստահ է, որ Հայաստանն ինքն էլ կարող է իրեն ապահովել դրանցով։ Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսային համավարակի շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարծենում էր, որ Երևանի Նորք վարչական շրջանում 10 օրում դաշտային հոսպիտալ է կառուցվել: Փորձագետը կարծում է, որ պատերազմի դեպքում նման դաշտային հոսպիտալներ կարող են տեղակայվել երկրի տարբեր մարզերում, և դրա համար հատուկ ջանքեր չեն պահանջվի: