Մրրիկը մոտեցել է լողափին, Սոչին հեղեղված է

Քաղաքի բնակիչներին և հանգստացողներին խորհուրդ են տալիս խուսափել ջրի մոտ հանգստից։
Sputnik
Սոչիում տեղատարափ անձրևներ են, օդերևութաբանները կանխատեսում են սողանքներ և գետերում ջրի մակարդակի ուժեղ բարձրացում, Պրիմորսկայա առափնյակը մասամբ հեղեղված է, արտակարգ ծառայությունները նախազգուշացնում են մրրիկների հավանականության մասին, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Զբոսաշրջիկների համար հանգստի հնարավորությունը կտրուկ վերացել է․ գետերը դուրս են գալիս ափերից, ծովում մրրիկներ են ձևավորվում և մոտենում են ափերին, լողափները փակվել են։ Հենց այս պահին տարերքը ուժգին մոլեգնում է քաղաքի Լազարևսկի շրջանում, Դագոմիսում ծառեր է արմատախիլ անում, հեղեղված փողոցների պատճառով հնարավոր չէ կենտրոն հասնել։
Ադլերի շրջանում նույնպես առավոտից անձրև է գալիս, բայց առայժմ այնքան ինտենսիվ չէ, որ փողոցները հեղեղվեն։ Այնտեղ տարերքի հարվածին սպասում են գիշերը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ տարերքը չի դադարի նաև վաղը։ Սոչիի և Սիրիուսի տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, տեղատարափներ՝ ամպրոպով և կարկուտով, քամու ուժգնացում, գետերի մակարդակի կտրուկ բարձրացում: Վտանգավոր կլինի նաև լեռնային տեղանքում, մասնագետները հեղեղներ են կանխատեսում։
Հանգստավայրի բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Իրավիճակը վերահսկում է քաղաքային օպերատիվ շտաբը։ Քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ է տրվում խուսափել ջրի մոտ հանգստանալուց, մեքենաները չթողնել ծառերի, գովազդային վահանակների կամ այլ կառույցների տակ, խուսափել լեռներ գնալուց: