ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչության «Հոգատարություն հիշողության հանդեպ» հատուկ նախագծի շրջանակում Երևանում բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված պիոներների հուշարձանը: Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Հատուկ նախագծի շրջանակում կատարվում է հայ-ռուսական հարաբերությունների և ընդհանուր պատմության խորհրդանիշ հուշարձանների տարածքների բարեկարգում և մաքրում:
«Այս հուշարձանը մեր նախնիների հերոսության և անձնվիրության խորհրդանիշն է, և մեր խնդիրն է այն պահպանել պատշաճ վիճակում՝ ապագա սերունդների համար»,- ասել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ծրագրի և երիտասարդական նախագծերի համակարգող Դավիթ Մալխասյանը:
Երևանում բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված պիոներների հուշարձանը
© Photo : Русский дом в Ереване
Հուշարձանի բարեկարգման գործում Ռոսսոտրուդնիչեստվոյի կամավորներին աջակցել է «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական կազմակերպության պատանի կամավորների ջոկատը:
«Պետք է միշտ հիշել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մենք՝ եղբայրական ժողովուրդներս, կողք կողքի ենք կռվել և հաղթել։ Մենք ապրել ենք միասին խաղաղ ու գլուխներս բարձր», - ընդգծել է պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը։
Երևանում բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված պիոներների հուշարձանը
© Photo : Русский дом в Ереване
Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան Վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանն էլ նշել է, որ կարևոր է հիշել և գնահատել Հայրենական մեծ պատերազմի հերոսների ներդրումն ընդհանուր ապագայում և այդ արժեքները փոխանցել հաջորդ սերունդներին: Նրա խոսքով՝ նման միջոցառումները ոչ միայն օգնում են լավ վիճակում պահել հուշարձանները, այլև նպաստում են երիտասարդների շրջանում հայրենասիրության և պատմության նկատմամբ հարգանքի ձևավորմանը։