Բայդենը ողջ է․ ընտրապայքարից դուրս գալուց հետո նա առաջին անգամ ներկայացել է հանրությանը

Լուրեր էին տարածվել, թե Բայդենը մահացել է կամ գտնվում է կոմայի մեջ։
Sputnik
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին հայտարարելուց հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը։ ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է Բայդենը քայլում դեպի օդանավ, բարձրանում աստիճաններով, ձեռքով պատիվ առնում, բութը վեր բարձրացնում և ինքնաթիռ մտնում։
Դելավեր նահանգից մեկնող նախագահին լրագրողները հարցեր են ուղղել Դոնալդ Թրամփի մասին, որոնց, սակայն, չի պատասխանել։
Նշենք, որ Բայդենն առաջին անգամ է ներկայանում հանրությանը նրա՝ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին հայտարարությունից հետո։ Տարբեր հարթակներում լուրեր էին տարածվել, թե Բայդենը մահացել է կամ կոմայի մեջ է։
ԱՄՆ Կոնգրեսում Բայդենին կոչ են արել ապացուցել, որ ողջ է
Հիշեցնենք, որ Ջո Բայդենը վարակվել էր կորոնավիրուսով։
Սպասվում է, որ վաղը ԱՄՆ գործող նախագահը հանդես կգա ազգին ուղղված ուղերձով, որում կանդրադառնա ընտրապայքարից դուրս գալու թեմային և կուրվագծի իր նախագահական ժամկետի վերջին ամիսների հեռանկարները: