Աղվան Հովսեփյանին ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն

Աղվան հովսեփյանը. Արխիվային լուսանկար
Դատախազությունը դեռ չի հրապարակում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել Հովսեփյանների ընտանիքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Ինչպես տեղեկանում ենք «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների հարթակից, Աղվան Հովսեփյանը, կինը՝ Աստղիկ Հովսեփյանը, որդիները՝ Նարեկ, Արմեն և Միսակ Հովսեփյանները, հարսը՝ Մարինա Նուշիկյանը, դատախազություն են հրավիրվել հուլիսի 25-ին։
Դատախազություն է հրավիրվել նաև Չեխիայում գրանցված «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը։ Նշվում է, որ ընկերությունը փոխկապակցված է Հովսեփյանների ընտանիքի հետ։ «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ին է պատկանում «Տելիա մայնինգ» ՍՊԸ-ի 99․9%-ը։ Վերջինիս 0.1% սեփականատերը Հովսեփյանների ընտանիքի անդամ Նորա Բարսեղյանն է։ Նա նույնպես հրավիրվել է դատախազություն։
Դատախազությունը չի հրապարակում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել։ Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձիք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշումներ, ինչի արդյունքում կարող է փոփոխվել բռնագանձման ենթակա ենթադրաբար ապօրինի գույքի ցանկը։
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնեց, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։ Իսկ 2022–ի օգոստոսի 15–ին Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխվել է գրավով, նա ազատության մեջ է։
Աղվան Հովսեփյանը ՔԿ նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
Աղվան Հովսեփյանին վիրահատել են