Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան նոր սերնդի մարտական ինքնաթիռի կոնցեպտ են ներկայացրել

Զինվորական
Կործանիչի բրիտանական տարբերակը կկոչվի «Tempest»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան Ֆարնբորոյի ավիասալոնում նոր սերնդի կործանիչի կոնցեպտուալ մոդել են ներկայացրել, որը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2035 թվականը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իտալական «Leonardo» մեքենաշինական խմբի մամուլի հաղորդագրությանը։
Նոր մոդելն առանձնանում է թևերի բացվածքով, ինչը մեծացնում է աերոդինամիկան։ Այն նաև հագեցած կլինի սպառազինության ինտելեկտուալ համակարգով, ինտերակտիվ խցիկով, ինտեգրված սենսորներով և նոր սերնդի հզոր ռադարով, որը 10 հազար անգամ շատ տվյալներ է տրամադրում, քան ներկայիս համակարգերը: Կործանիչի բրիտանական տարբերակը կկոչվի «Tempest»։
2022 թվականի դեկտեմբերին Ճապոնիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները պայմանավորվել են համատեղ մշակել կործանիչ, որը պետք է փոխարինի F2-ին Ճապոնիայում և «Eurofighter Typhoon»-ին Իտալիայում և Բրիտանիայում։ 2023 թվականի դեկտեմբերին երեք երկրների պաշտպանության նախարարները Տոկիոյում պայմանագիր են ստորագրել նախագիծը համակարգելու նպատակով կազմակերպություն ստեղծելու մասին։ Կենտրոնակայանը կգտնվի Բրիտանիայում, և այն կգլխավորի Ճապոնիայի ներկայացուցիչը, իսկ արտադրական մասի ղեկավարը կլինի Իտալիայից:
Ծրագրի հիմնական կապալառուներն են «Mitsubishi Heavy Industries»-ը (Ճապոնիայի համար), «BAE Systems»-ը (Մեծ Բրիտանիայի համար) և «Leonardo SpA»-ն (Իտալիայի համար):
2024 թվականին երկրները ձեռնամուխ կլինեն կործանիչի անմիջական մշակմանը։ Այս տարվա մարտին Ճապոնիայի նախարարների կաբինետը հավանություն էր տվել պաշտպանական սարքավորումների արտահանման նորմերի մեղմացմանը, ինչը թույլ կտա նոր սերնդի կործանիչներ մատակարարել երրորդ երկրներ:
ԱՄՆ-ն միջուկային ռմբակոծիչներ է տեղակայել Ռումինիայում՝ Ուկրաինայի սահմանի մոտ