Խնջույք, ավանդական խաղեր, երգ ու պար, և այս ամենը «ողողված» ջրով. Բերդում կրկին Վարդավառ է

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ավանդաբար Վարդավառը նշում են տարին 2 անգամ՝ մեկը բոլորի հետ, մյուսն էլ առանձին՝ հուլիսի 20-ին հաջորդող առաջին կիրակի օրը։ Այստեղ Վարդավառը համեմատում են Նոր տարվա հետ ու ասում՝ այս տոնին ավելի մեծ շուքով ենք պատրաստվում։
Sputnik
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանի ոչ բոլոր բնակավայրերն են Վարդավառի տոնը միասնական տոնացույցով նշում։ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանն այդ յուրօրինակ, տարբերվողներից է։ Վարդավառը տոնելու օրն անգամ տարածաշրջանի ոչ բոլոր գյուղերում է նույնը։ Գյուղերի մեծ մասում Վարդավառը կամ, ինչպես տեղացիներն են այն անվանում, Վըրթիվերը (անվանում են նաև Վարդևոր կամ Վրդիվեր), նշում են հուլիսի 20-ին հաջորդող առաջին կիրակի օրը (ի դեպ, տոնացույցով սահմանված Վարդավառի օրն էլ է այստեղ նշվում, բայց ոչ այսպիսի մեծ շուքով, պարզապես ջրախաղով)։ Միայն սահմանամերձ Չինարիում և Այգեձորում Վարդավառը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը։
Վարդավառը Բերդի տարածաշրջանում
Ինչո՞ւ է տարբեր․ գյուղացիներն ասում են՝ մենք Ուտիք աշխարհից ենք, Չինարին ու Այգեձորը՝ Գարդման։ Օրը տարբեր է, բայց տոնի կարևորությունն ու մեծ շուքով նշելու սովորույթը տարածաշրջանի բոլոր գյուղերին է հատուկ։ Վըրթիվերն ամենասիրելի տոներից է, եթե չասենք՝ ամենասիրելին, որին պատրաստվում են օրեր առաջ։ Հատուկ այս օրվա առիթով արտերկրում կամ մայրաքաղաքում ապրողներից շատերը գալիս են Տավուշ։
Վարդավառը Բերդի տարածաշրջանում
Այս տարի Sputnik Արմենիայի թիմը ևս Վարդավառն անցկացնելու համար այցելել էր Չինչին գյուղ։ Այստեղ «Շենլիկ» հյուրատան տիրուհի Գայանե Կլեկչյանն ու նրա ամուսինը՝ Ոսկան Ղևոնդյանը, որոշել են վերականգնել տոնական գեղեցիկ ավանդույթները, որոնց մի մասն աստիճանաբար մոռացվում է։
1 / 3

Նախատոնակին աղջիկները ծաղիկներ են հավաքում

2 / 3

Գայանե Կլեկչյանը

3 / 3

Ոսկան Ղևոնդյանը

Եվ այսպես, տոնի հիմնական պատրաստությունները սկսվում են նախօրեին՝ նախատոնակին։ Ավանդաբար վաղ առավոտյան գյուղի երիտասարդ աղջիկները սար են գնում՝ վըրթիվեր կոչվող ծաղիկներ փնջելու։ Շամշադինյան Վարդավառին մասնակցելու համար քաղաքից եկած հյուրերին գյուղական ամբողջ կոլորիտը փոխանցելու համար սարի ճամփան տրակտորով են գնում։ Այստեղ Գայանեն կարճ թրեյնինգ է անցկացնում հյուրերի համար՝ ցույց տալով, թե որոնք են վըրթիվեր կոչվող ծաղիկները։ Թեպետ փնջերում դիզայնի համար կարող են դաշտային տարբեր ծաղիկներ լինել, բայց գլխավոր «հերոսն» իհարկե վըրթիվերի ծաղիկն է։
1 / 6

Մասնակիցներին սար տարած տրակտորը

2 / 6

Խորհրդանիշ ծաղիկը

3 / 6

Ծաղիկների հավաքման պրոցեսը

4 / 6

Ծաղիկների հավաքման պրոցեսը

5 / 6

Ծաղիկների հավաքման պրոցեսը

6 / 6

Մասնակիցներին սար տարած տրակտորը

Բավարար քանակի ծաղիկներ հավաքելուց հետո հաջորդ կանգառն աղբյուրի մոտ է՝ գլխի ծասկեպսակներ հյուսելու, խաչփնջեր (հնում խաչփնջերն ավելի հաճախ ցորենի հասկերից էին կապում) կապելու համար։ Վարդավառին ընդունված են եղել խաղերը։
1 / 3

Վարդավառի ավանդական խաղերը

2 / 3

Վարդավառի ավանդական խաղերը

3 / 3

Վարդավառի ավանդական խաղերը

Դրանցից մեկը խաչփնջերը ջրով տալն է՝ ջրով օծելը, որից հետո աղջիկները շրջում են տնետուն և ջրով օծված խաչփնջերը մարդկանց շեմերին նետում՝ ավանդական վարդավառյան թխվածքի՝ փսալիի պատրաստման համար բաժին ուզելով։
Աշխեն տատը սիրով է հիշում իր մանկության տարիները, երբ այս ավանդույթները բոլորն էին պահում։ Ուրախանում է, որ երիտասարդները փորձում են երկրորդ կյանք տալ դրանց։
Խաղերից բացի Վարդավառին ընդունված են եղել բեմականացումները, թատերականացված ներկայացումները։ Սա էլ ծրագրից դուրս չմնաց․ «Չինչին թատերախումբը» բեմադրեց «Քաջ Նազարը»։
1 / 2

Փսալիի պատրաստումը

2 / 2

Փսալիի պատրաստումը

Երեկոյան էլ ավանդաբար սկսվում է փսալի (անվանում են նաև սալի, թերթերուկ, նազուկ) կոչվող համեղ թխվածքի կամ քաղցր հացի պատրաստումը։ Բարակ գրտնակված խմորի շերտերի մեջտեղում տարածում են խորիզը, փաթաթում, գնդերի բաժանում, կրկին բարակ գրտնակում ու թխում սաջի վրա։ Այս տոնին տուն չկա, որտեղ փսալի չլինի, եթե տանտիկինը չի էլ թխում, տեղի խանութներից է ձեռք բերում։
«Երբ փոքր էի, տատիկիս էի օգնում, թխում էինք, հետո ամուսնացա, եկա, ամուսնուս տատն էր թխում, էլի իրեն օգնում էի»,- պատմում է տիկին Գայանեն՝ Ոսկանի մայրը։
Ավանդաբար տոնի նախօրեին նաև անասուններ են մորթում, որովհետև Վարդավառի օրվա պարտադիր անելիքների ցանկում պատվավոր տեղ ունեն զբոսախնջույքները՝ ծանոթ-անծանոթ, հեռու-մոտիկ բարեկամներ հավաքվում են անտառներում, աղբյուրների մոտ՝ խնջույքի։ Այս օրերին Բերդի տարածաշրջանում զբոսնելիս ազատ որևէ աղբյուր չես գտնի, վաղ առավոտից մինչև երեկո՝ քեֆ, ուրախություն, երգ ու պար։ Չինչինում ամենահայտնի հավաքատեղին նաև ամենատեսարժանն է՝ Քարագլուխը կամ Ղուզանի քարը։
1 / 3

Վարդավառի կերուխումը

2 / 3

Վարդավառի կերուխումը

3 / 3

Վարդավառի կերուխումը

Տոնի ավանդույթներից մեկն էլ ճանապարհ փակելն է․ բոլոր գյուղերում, նաև տարածաշրջանի կենտրոն Բերդ քաղաքում երեխաները պարաններով փակում են մեքենաների ճամփան ու բաժին ուզում, միայն մաքսատուրքը ստանալուց հետո են ճամփան բացում։ Ինչ խոսք, նկարահանումների նպատակով գյուղերում շրջելը մեր թիմի համար էժան չստացվեց։ Գյուղերի փոքրիկները տասնյակ անցակետեր էին տեղադրել։ Նախորդ անցակետում մաքսատուրքի վճարումը հաջորդից չէր ազատում։ Հավաքված գումարը ևս որպես կանոն, զբոսախնջույքների համար է՝ երեխաներն էլ իրենց ներդրումն են ունենում, խանութներից գնումներ կատարում ու գնում Վըրթիվեր նշելու։
1 / 3

Երեխաները ճանապարհ են փակում

2 / 3

Երեխաները ճանապարհ են փակում

3 / 3

Ճանապարհ փակելու արդյունքում հավաքած գումարն են հաշվում

Խնջույքից առաջ, ընթացքում ու հետո Վարդավառի խորհրդանիշ ջրախաղն է՝ ջրոցին։ Այստեղ, իհարկե, մենք էլ ջրից չոր դուրս չեկանք, Երևան վերադարձանք թեպետ թաց, բայց երջանիկ․․․
Հ․Գ․ Ի վերջո, ինչու՞ է այստեղ Վարդավառն ավելի ուշ նշվում։ Այս հարցի պատասխանները շատ են ու տարբեր, դրանցից մեկի համաձայն՝ Վարդավառը հանգստի, վայելելու, չաշխատելու օր է, հետևաբար ամեն տարածաշրջան այդ օրը համապատասխանեցրել է տարվա այն շրջանին, երբ գյուղատնտեսական աշխատանքներն ավարտվել են, ու կարելի է հանգիստ խղճով գնալ ուտել, խմել, քեֆ անել, նշել կատարված աշխատանքն ու առատ բերք մաղթել։
1 / 7

Վարդավառը Բերդի տարածաշրջանում

2 / 7

Վարդավառը Բերդի տարածաշրջանում

3 / 7

Վարդավառը Բերդի տարածաշրջանում

4 / 7

Վարդավառը Բերդի տարածաշրջանում

5 / 7

Վարդավառը Բերդի տարածաշրջանում

6 / 7

Վարդավառը Բերդի տարածաշրջանում

7 / 7

Վարդավառը Բերդի տարածաշրջանում