Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոնի ուղղությամբ կրակելու դեպքով քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտե
35–ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Տուժողի առողջական վիճակով պայմանավորված՝ նրա հետ դեռևս անհրաժեշտ քննչական գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Երևանի Արամ Խաչատրյան փողոցում հուլիսի 20–ին հնչած կրակոցների փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 20–ին` ժամը 15:30-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Արամ Խաչատրյան 23 շենքի բակում, վնասվածքներ է ստացել Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն 35-ամյա Վարդան Դավթյանը։
Պարզվել է, որ քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված տղամարդը Արամ Խաչատրյան փողոցում կանգնեցրել է նույն հատվածով երթևեկող 35–ամյա տղամարդու ավտոմեքենան, ապա մոտենալով դիմացի ուղևորի հատվածին՝ բաց պատուհանից չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ:
«35–ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Տուժողի առողջական վիճակով պայմանավորված՝ նրա հետ դեռևս անհրաժեշտ քննչական գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել»,– ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայրում և այնտեղ գտնվող, տուժողին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և առգրավվել են պարկուճներ։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության։
Բացի այդ, բժշկական կենտրոնից առգրավվել է վիրահատության արդյունքում մարմնից դուրս բերված գնդակը։
ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1–ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: